Լեռնային Ղարաբաղի կարգավորման Բաքվի քաղաքականությունը սկսել է փլուզվել: Ադրբեջանի ազգային տոնի առիթով կազմակերպված ընդունելությանը ելույթ ունենալով՝ նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման Ադրբեջանի դիրքերում որևէ փոփոխություն չկա: Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքներում երկրորդ ինքնահռչակ հայկական պետություն»:
Նույն ելույթում նա ընդգծել է. «Միջազգային կառույցների որոշումներն ու բանաձևերը մեզ ձեռնտու են: Մեզ համար դա իրավական հիմք է: Դրա հետ մեկտեղ, վերջին ժամանակներս հնչող հայտարարություններին ու ձեռնարկվող քայլերին պետք է բարձր գնահատական տալ: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և ԵՄ-ն, և միջազգային մյուս կառույցները միանշանակ հայտարարում են ստատուս քվոյի անընդունելիությունը և փոփոխության անհրաժեշտությունը: Ճիշտ է, առայժմ այդ հայտարարություններից հետո քայլեր չեն արվում: Մենք սպասում ենք այդ քայլերին և ճնշմանը օկուպանտի վրա: (Հայաստանի) նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն: Մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում լիովին հիմնավորված է և մենք ոչ մի միլիմետր չենք նահանջելու»: Նույն ոգով Նյու Յորքում էր ելույթ ունենում ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Ադրբեջանը հակված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա: Դա է պահանջում միջազգային իրավունքը և դա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձերի միանշանակ պայմանը»:
Ընդ որում՝ նա ճշտել է, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հիմնարար փաստաթղթերը հենց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են», և «Ադրբեջանը ամենաշահագրգիռ կողմն է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման»: Այդ առնչությամբ անմիջապես ծագում է գլխավոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման ի՞նչ բանակցային գործընթացի մասին են այդքան բարձրաձայն քննարկում ադրբեջանցի քաղաքական գործիչները: Մեզ հայտնի է միայն մեկ ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը, որ սովորաբար հազվադեպ է հրապարակային հայտարարություններ անում, հայտարարեց. «Բանակցությունների հիմքը լավ հայտնի է և շարադրված է համանախագահ երկրների նախագահների հայտարարություններում: Հիշեցնեմ՝ խոսքը ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների և Հելսինկյան Եզրափակիչ ակտի մասին է, հատկապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման, տարածքների, փախստականների վերադարձի հետ կապված, Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի, խաղաղարար գործողությունների դրույթները»: Նա հատուկ ընդգծել է, որ «հիմնականում չմերժելով այս հիմքը, կողմերը տարբեր տեսակետներ ունեն դրանց կենսագործման բաղադրիչների հաջորդականության մասին»:
Ավելին, հաղորդել է Պոպովը, «համաձայնություն է ձեռք բերվել միջազգային դիտորդների թիվը յոթ մարդով ավելացնելու մասին», և «դրա հետ համաձայն են երկու կողմերը»: Սակայն պահպանվում են տարաձայնությունները մանրամասներում, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, նրանց գործունեության ֆինանսավորման կարգը և այլ տեխնիկական հարցեր: Դրանց համաձայնեցմամբ հիմա զբաղվում է ԵԱՀԿ ավստրիական նախագահությունը Քարտուղարության համապատասխան կառույցների և կողմերի ներկայացուցիչների հետ: Այսինքն՝ բանակցային գործընթացի հիմքում առաջվա պես հայտնի Մադրիդյան սկզբունքներն են, որտեղ, ամեն ինչի հետ, որոշարկվում է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, իսկ վերջնական կարգավիճակը թողնվում է ապագա հանրաքվեին: Միանգամից ասեմ, որ այդ սկզբունքները, տարբեր պատճառներով, այնքան էլ ձեռնտու չեն հակամարտության կողմերին, բայց Երևանը գոնե այդ ձևաչափով բանակցությունների է կողմնորոշված: Իսկ Բաքո՞ւն: Ճշտեմ՝ ապրիլյան պատերազմից հետո (2016-ի) Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները գագաթնաժողովներ են ունեցել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, որտեղ ընդունվել են կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության համակարգի և միջազգային դիտորդների տեղակայման համաձայնություններ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ փաստաթղթերի տակ չկա Բաքվի ստորագրությունը: Նշանակում է, եթե հիմա, ըստ Պոպովի, այդ ուղղությամբ որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերվել, ուրեմն, Ադրբեջանը դա չի բարձրաձայնում: Ինչո՞ւ այդ դեպքում Բաքուն իր հայտարարություններում գործնականում չի հիշատակում գոյություն ունեցող բանակցային մեխանիզմի մասին, որ աշխատում է, ինչպես պարզվում է, կոնֆլիկտի կարգավորման ընդհանուր օրակարգով: Առավե լևս, որ հունիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հերթական այցը կատարել տարածաշրջան և ճշտող բանակցություններ-խորհրդակցություններ անցկացնել կոնֆլիկտի կողմերի հետ: Օրերս ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի մանդատի համապատասխան՝ Ադրբեջանի ու Հայաստանի զորքերի դիմակայության գծում Թերթերի շրջանում անցկացվել է հերթական մոնիտորինգը: Մինսկի խումբը շարունակում է իր գործունեությունը:
Հետևաբար՝ Բաքվի հայտարարությունները կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վերաբերյալ այլ հասցե ունեն: Բայց ի՞նչ: Ինչպես ասում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով նոր խորհրդարանի առաջին նիստում, բանակցությունները վարվում են «գաղտնի ձևաչափով», ընդ որում նա հիշատակեց Կազանի փաստաթուղթը (2011-ի հունիս), որ աշխատանքային փաստաթուղթ է: Չխորանանք նրա վերլուծության մեջ (ի դեպ, Ադրբեջանը դա մերժել է): Փաստ է մնում, որ Կազանի փաստաթուղթը Մադրիդյան սկզբունքների արդյունք է՝ մանրամասների հնարավոր տարատեսակներով: Բայց Բաքուն նյարդային մեղադրեց Երևանին համարյա թե իրավիճակի նենգափոխման մեջ: Քաղաքական իննովացիաների ու տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն ամեն ինչ գլխիվայր շրջեց՝ հայտարարելով, որ «Կազանի փաստաթուղթը միջանկյալ տարբերակ է՝ ընդհանուր հայտարար գտնելու համար Մադրիդյան սկզբունքների (2007) և Նորացված Մադրիդյան սկզբունքների (2009) միջև»։ Այդ իրավիճակում Բաքուն պիտի հրապարակեր այդ սկզբունքների տարբերակներ, որպեսզի կոնֆլիկտի կարգավորմանն ուղղված իր քաղաքական գործիչների գործողությունները գոնե ինչ-որ իմաստային տրամաբանություն ստանային: Ոչինչ չի հրապարակվել: Շատ դատողություններ են արվում ինչ-որ «Լավրովի պլանի» մասին, որից վաղուց հրաժարվել են և Մոսկվան, և ԵԱՀԿ ՄԽ-ն: Այնուամենայնիվ, ըստ Ահմեդօղլուի, իբր կա այդպիսի պլան, որ նախատեսում է երեք փուլ՝ առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնում են հինգ շրջաններ, երկրորդ փուլում՝ Լաչինն ու Քելբաջարը, բացի այդ՝ համաձայնեցվում են Լաչինի միջանցքի տեխնիկական չափորոշիչները, երրորդ փուլում որոշվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Հակառակ տարբերակը՝ նախ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, հետո մնացած հարցերը: Նման դատողությունները դատարկ տեղում չեն արվում, նրանք արդյունքն են կոնֆլիկտի կողմերի ինչ-որ մարտավարական տեղեկատվական արտահոսքերի:
Պատահական չէր Ադրբեջանի մամուլը տիրաժավորում նախկին դեսպան Արման Մելիքյանի հայտարարությունը, որ «եթե առաջ բանակցությունները վարվում էին «տարածքներ կարգավիճակի դիմաց» բանաձևով, հիմա ասում են. «Տարածքներ իրավիճակի բարելավման դիմաց»: Նրա բանաձևով՝ «քանի դեռ մենք հենվում ենք բանակցությունների այդօրինակ փիլիսոփայության վրա, որ պետք է հողերը տանք հանուն Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման, մենք կկորցնենք և հողերը, և ճանաչում չենք ստանա»: Եթե այդպես է, Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ «թույլ չի տա երկրորդ հայկական պետության հայտնությունը», լիովին հաստատում է այդ դրույթը: Ասվածից պարզվում է գլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման դիվանագիտական գործընթացը իրոք փլուզվում է մասերի: Մի մասը՝ հրապարակային հայտարարություններն են և Մինսկի խմբի գործողությունները, մյուսը՝ բանավիճային նրբերանգները քչերին հայտնի փաստաթղթի շուրջ, երբ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները միմյանց ազդանշաններ են ուղղում՝ հասկանալի միայն իրենց: Առայժմ մնում է կողմնորոշվել Եվրահանձնաժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Դևիդ Մակալիստերի հայտարարության պես հայտարարությունների վրա՝ «ԵՄ-ն կողմերին կոչ է անում վերսկսել բանակցություններն առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների հիման վրա» և «կոնֆլիկտը ռազմական լուծում չունի»:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM
Հ.Գ. Երբ Ալիևը ասում է. «Միջազգային կառույցների որոշումներն ու բանաձևերը մեզ ձեռնտու են: Մեզ համար դա իրավական հիմք է: Դրա հետ մեկտեղ, վերջին ժամանակներս հնչող հայտարարություններին ու ձեռնարկվող քայլերին պետք է բարձր գնահատական տալ»` չի՞ կարդացել ՄԽ վերջին հայտարարությունը, թե նա կարդում է միայն այն, ինչ ձեռնտու է իրեն և չի լսում, չի տեսնում, տեղյակ չի այլևս ոչնչի: Առաջին անգամ չէ Ադրբեջանը հայտարարում, որ կոնֆլիկտի կարգավորման հիմքում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերն են: Չունե՞ք տպավորություն, որ բոլոր այդ Մադրիդյան, Մադրիդյան նորացված, Կազանյան, Լավրովյան փաստաթղթերն ու դրանց տարատեսակները մի կողմ դնելու ժամանակն է: Կա պարզ լուծում՝ միացում, ու թող Ադրբեջանը համաձայնի կամ չհամաձայնի ինչի ուզում է: Ի վերջո, հանգելու ենք այս պարզ լուծմանը: Տարիների, գուցե նոր պատերազմի, կամ բազում բանակցությունների միջով: Հայկական կողմերի և ադրբեջանական կողմի բարձրաձայնվող պատկերացումները ընդհանուր հայտարարի չեն գալիս: Ի սկզբանե: ՈՒրեմն Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթները չեն աշխատում, որքան էլ տրամաբանական լինեն: Ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը փոխադարձ բացասող դրույթներ են, երբ դրվում են մեկ հարթության մեջ, բայց ազգերի ինքնորոշումը վերաբերում է ժողովուրդներին, իսկ տարածքային ամբողջականությունը պետություններին: Առավել ևս, որ Ադրբեջանը մերժել ու մերժում է ուժի չկիրառման սկզբունքը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ